Տրդատ 3-րդի ներքին քաղաքակամություն

Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Խոշտանգել է իրեն հավատարմորեն ծառայած, քրիստոնեության ջատագով Գրիգորին (Սբ Գրիգոր Լուսավորիչ) և, իմանալով, որ նա Անակ Պարթևի որդին է, հրամայել է գցել Արտաշատի արքունի բանտի մահապարտների գուբը (հետագայում այնտեղ կառուցվել է Խոր վիրապի վանքը): 301 թ-ին Տրդատ Գ-ի հրամանով Վաղարշապատի մերձակայքում սպանվել են Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց և Գայանյանց քրիստոնյա կույսերը: Ըստ Ագաթանգեղոսի՝ ի տրիտուր այդ ամենի՝ թագավորն ու նախարարները պատժվել են «Տիրոջ պատուհասով». արքան դիվահարվել է: Վաղարշապատ բերված Գրիգորը նախ աղոթքով վերադարձրել է դիվաբախների զգաստամտությունը, ապա, անսալով Տրդատ Գ-ի ու ցավագարների աղաչանքին, բուժել է նրանց: Արդեն ապաշխարած ու դարձի եկած թագավորը եռանդուն մասնակցել է 3 վկայարանների (Սբ Հռիփսիմյանց և Սբ Գայանյանց կույսերի և Սբ Մարիանեի նահատակման վայրերում) և Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը:Տրդատ Գ-ն, հակառակ «դաշնակից» Հռոմեական կայսրության տիրակալի կամքի, ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և քրիստոնեությունը 301 թ-ին Հայաստանում հռչակել պետական կրոն: Տրդատ Գ-ն պետական հիմքերի վրա է դրել Հայոց եկեղեցապետի ընտրությունը. հրավիրել է հայ ավագանու ժողով, Գրիգոր Լուսավորչին կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավորական իշխանությանը ենթարկվելու կանոնակարգը:302 թ-ին Տրդատ Գ-ն Գրիգոր Ա Լուսավորչին ուղարկել է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ կատարվել է նրա ձեռնադրությունը: 303 թ-ի հունվարի 6-ի այգալույսին՝ Սբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը, Բագավանում՝ Արածանիի ակունքների մոտ, Գրիգոր Ա Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը: Արքայի մկրտության վայրում կա մի քար, որ կոչվում է «Տրդատի քար» (կանգուն է ցայսօր): Տրդատ Գ-ի կամքով Հայ եկեղեցու սպասավորների մեջ ընդգրկվել են նաև նախկին քրմեր և քրմորդիներ:Տրդատ Գ-ն հիմնադրել է դպրոցներ, որտեղ ուսուցանել են հունարենով և ասորերենով. դպրոցը դադարել է մեհենական քրմության նեղ խավի մենաշնորհը լինելուց: Նվիրապետության տնտեսական հիմքերի ամրապնդման նպատակով Տրդատ Գ-ի հրամանով գյուղերի եկեղեցիներին հատկացվել է հողաբաժին, հոգևորականությունը դասվել է ազատների կարգը և ազատվել հարկերից: Տրդատ Գ Մեծը նաև հետևողական պայքար է կազմակերպել հեթանոսության դեմ: Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309–379 թթ.) հաջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ ճնշել է ապստամբ նախարարներին (ըստ Մովսես Խորենացու՝ բնաջնջել է Սլկունիների տոհմը), ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում ճակատամարտում հաղթել հյուսիսային ցեղերին և պահպանել Հայաստանի միասնութունն ու արմատավորվող քրիստոնեությունը: Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները՝ ըստ 64 թ-ի Հռանդեայի պայմանագրի, քաղաքական դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատողական ձգտումները և ստեղծել կենտրոնացված հզոր պետություն:330 թ-ին հրաժարվելով գահից՝ Տրդատ Գ Մեծը հեռացել է Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այրք կոչված վայրը, որտեղ 325 թ-ից ճգնել է նաև Գրիգոր Ա Լուսավորիչը:Ըստ Մովսես Խորենացու՝ Տրդատ Գ-ին թունավորել են հայ նախարարները. նրա դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և ամփոփվել է Դարանաղյաց գավառի Թորդան ավանում` Սբ Գրիգոր Ա Լուսավորչի կողքին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *