ՊՈՒՃՈՒՐ ՄԱՐԴԸ / Գրիգ

Նոյեմբերի հինգն էր` առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին` գետինը դարձնելով սայթաքուն: Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ` գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված, անշտապ քայլում էի,  գրեթե հասել էի վերնիսաժին, երբ  մայթից քիչ հեռու` ծառերի տակ շարված երեք-չորս փոքր կտավ տեսա:  Մոտեցա, նայեցի` բոլոր նկարներում  ամպեր էին:  Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի, երբ մոտեցավ մի ցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով` հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի` այդ մարդը սովորական անտուն է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց` նկարների հեղինակն է:
– Ձե՞ր գործերն են,- հարցրի:
– Այո, իմն են,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին` ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տե­ր­և­ները: Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի, ասես փորձելով ճշտել նրա ասածը: Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր Պուճուր մարդը, նրա հագուստի ու ձեռքերի վրա  ներկերի հետքեր կային:
– Ինչքանո՞վ եք ծախում,- հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալու գնել, որովհետև  ընդամենը երկու հազար դրամ ունեի ու մի քանի մանրադրամ:
– Քսան հազարով կտամ,- պատասխանեց Պուճուր մարդը:
– Ա…, դուք վաղն է՞լ եք էստեղ լինելու,- ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով` հարցրի,- հիմա մոտս էդքան փող չկա:
– Հա էստեղ եմ լինելու,- մի փոքր տխրած` պատասխանեց Պուճուր մարդը,- բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը, իսկ փողը վաղը կբերեք կամ մի ուրիշ օր:
Ինձ զարմացնում էր տղամարդու կիրթ ու գրագետ խոսքը, ես էլ հնարավորինս գրագետ խոսեցի.
– Չէ, մերսի, վաղը հաստատ կգամ,- ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի` անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլ ցանկանայի: Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին,  տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի` ծխեց: Ես դարձյալ նայեցի կտավներին ու շարունակեցի ճանապարհս:  Մի քանի շաբաթ էր անցել,  ես իհարկե խոստումս չպահեցի` չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:
Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ (Կոմիտասում`  հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձրել այդտեղով անցնելը)  և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդն այնտեղ է: Մտածեցի` ինձ չի հիշի ու որոշեցի անցնել, մի անգամ էլ նայել կտավներին: Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր,  մի հայացք գցելով` արագ անցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ, Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել` կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո տղամարդը ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, պար­զապես բարևեց, ու վերջ:
-Հեսա գալիս եմ,-շփոթված ասացի տհաճ  դադարից հետո,- չգնաք, լա՞վ,- ու շտապեցի տուն: Որոշել էի ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը, որում հայտնվել էի, սպանում էր ինձ, տղամարդու պահվածքը ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր: Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր:  Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանում, որոշեցի, որ դա հիմա կտամ, մնացած գումարն էլ` ժամանակի ընթացքում: Այդպես էլ արեցի, Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
– Ինչի, բոլորն էլ նույնը չե՞ն,- ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
– Ինչպե՞ս թե…,- շփոթվեց Պուճուր մարդը,- տեսե՛ք, այս ամպերը տխուր մարդու ամպեր են, իսկ այս մեկը` սոված մարդու…
Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը` սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպեր:
– Ես մի բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի,- բոլոր կտավներին պարզ ու ջինջ ամպեր են նկարված, բայց դուք տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի` հա:
– Բայց այսօրվա ամպերը ուրախ են,- նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտաց Պուճուր մարդը:
Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա:
– Լավ, կվերցնեմ «մենակ մարդու ամպերը»,- ծիծաղելով ասացի,- բայց չեմ հիշում դա ո՞ր մեկն էր:
Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարը խնդրեցի, նա ասաց, որ դրա կարիքը չկա, որ այսուհետև  ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ: Խիղճս հանգիստ` գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել,  թվում էր, թե ամպերն ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի` հույս ունենալով,  որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն: Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ` ավելին: Ու ես այդ հազարանոցները ամեն օր, տուն վերադառնալիս, տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում,  կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր` կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ,  հաճախ կանգնում էի հետը ու զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում` ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբում աննշան, հասարակ է  թվում, սակայն ժամանակի ընթացքում ներսումդ հասունանում ու մտածելու առիթ է տալիս: Մի օր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյո՞ք հավատում է Աստծուն:
– Ես Աստծո կամքով աթեիստ եմ,- պատասխանեց Պուճուր մարդը: – Դե ես Աստծո գոյությանը չեմ հավատում,- ասաց, երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը,- բայց հավատում եմ, որ Աստծո կամքով է իմ անհավատ լինելը:
Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մոտ երկու շաբաթ կլիներ, որ Պուճուր մարդը այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի երկու կտավ էր վաճառել:  Պարտքս  գրեթե տվել էի, հազար, կամ երկու հազար դրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մի նկար,որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից` նույն ամպերն էին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:
-Նոր կտավ ա՞,- հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը` կատակի համար ավելացրի,-էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված, չէ՞:
-Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,- ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը:
Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:
-Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,- ժպտալով վրա բերեց:
Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան այլևս չտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից  դեռ չէի պրծել, բայց չեկավ: Դեկտեմբերի տասնինն էր, երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու, աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա, որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա, որ մի տարեց տղամարդ` ձեռքին մի կտավ, ցանկանում է անցնել փողոցը:  Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլ շտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի` երևի անպետք նկար է, կամ էլ` մաքուր կտավ, ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, հեռվում նկատեցի, որ մի կին է քայլում երեխայի հետ ու դարձյալ ձեռքին կտավ էր:  Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց խումբը` որը շրջան էր կազմել և գնալով մեծանում էր: Քայլերս ուղղեցի այդ կողմ: Դեռ չէի հասել, երբ հանկարծ ամբոխը ետ քաշվեց ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ  փաթիլներն ընկնեն գետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
-Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:
Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:
-Բոլորը ձե՛զ,- բղավեց նա ու հիմա էլ վերնաշապիկը հանելով` նետեց ամբոխի վրա, մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը, մերկ էր և համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն: Հետո իմացա, որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադա կամրջի տակ, իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում, ասում էին` իբր իր բոլոր կտավները նվիրել է  պատահած մարդկանց ու հետո խելագարվել: Ոմանք էլ ասում էին` ոչ թե նվիրել,այլ հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն:
Կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց և որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին` ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում են, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս:

ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ / ԳՐԻԳ- Վերլուծություն

Պատմվածքը Նարեկի մասին էր։ Նա նյարդերի հետ խնդիր ուներ։ Մի մարդ Նարեկին կատու վաճառեց ասելով, որ այն «Հիսուսի կատու»ն է, իսկ դասընկերները ծիծաղում էին նրա վրա ասելով, որ վաճառողը կատվին մի աղբանոցից է գտել։ Նարեկի ասելով «Հիսուսի կատուն» շատ հազվադեպ պատահող տեսակ է, իսկ անունը Հիսուսի կատու է, որովհետև չի սուզվում և կարողանում է ջրի վրայով քայլել։ Նրան ոչ մեկ չէր հավատում։ Տղաներից մեկը՝ Կարենը, առաջարկեց փախնել դասից և գնալ ձոր։ Նարեկը միացավ ընկերներին և դասից բոլորով փախան։ Այդ ձորում մի տղայի օձը խայթել էր և նրա մազերը սպիտակել էին, սակայն նա ողջ էր մնացել։ Այդ պատճառով էլ հեղինակը վախենում էր։ Գրիգորը՝ դասընկերներից մեկը, ասաց, որ անձրև է գալու։ Նա դա զգաց, քանի որ թևը մզմզում էր, իսկ իր ասելով, երբ ինչ-որ տեղդ կոտրված է լինում, զգում ես, թե երբ է անձրև գալու։ Բայց ոչ մեկ ուշադրություն չդարձրեց։ Շուտով նրանք հասան գետի մոտ և Կարենը ստիպում էր Նարեկին, որ կատվին նետի ջուրը, եթե Հիսուսի կատուն է չի սուզվի։ Նարեկը հրաժարվեց, բայց չհասցրեց աչքերը թարթել, երբ Կարենը վերցրեց պայուսակը և նետեց գետը։ Պայուսակը լողում էր արծաթագույն մակերեսին, սուզվում-բարձրանում, բայց ջրի հոսքը արագ էր: Նարեկը անշարժ նայում էր հեռացող պայուսակին ու ոչինչ չէր անում: Երբ պայուսակը դեղին կետ դառնալու չափ հեռացել էր տեսադաշտից, նա սթափվեց, ասես ցրվեց շուրջը խտացող մշուշը և արցունքն աչքերին շտապեց պայուսակի հետևից: Այս դեպքից հետո նա էլ դպրոց չգնաց։ Մի քանի տարի անց հեղինակը տեսնում է նրան եկեղեցու մոտ և չի ճանաչում։ Նա բարձրահասակ էր, նեղ ոսպնյակներով ակնոցն ու թավ մորուքը ծածկել էին դիմագծերը։ Նրանք զրուցում էին, իսկ հեղինակը անդադար շնորհակալություն հայտնում նրան։

Այս պատմվածքը ցույց է տալիս, թե ինչքան չար կարող են լինել մարդիկ։ Եթե Կարենը բարի լիներ գուցե նրանց ընկերոջ կյանքը այլ կերպ դասավորվեր։ Ով գիտի մի գուցե այդ իրադարձությունը լավ անդրադարձավ Նարեկի վրա։ Դեպքեր կան, որոնցից հետո մինչև կյանքի վերջ չես լավանում, և դրանք մեծ հետք են թողում։ Բայց Նարեկը ապացուցեց, որ նա ուժեղ մարդ է։ Նա կարողացել էր ներել իր դասընկերներին, այդ պատահարից հետո չէր խելագարվել և դրանով ցույց տվեց, որ նա շատ ուժեղ է։

ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ /ԳՐԻԳ

Ես հինգ կամ վեցերորդ դասարանի աշակերտ էի, երբ մասնակից եղա այս պատմությանը: Դասղեկը և աղջիկները դասարանում չէին, տղաները խմբվել էին նստարաններից մեկի մոտ, ծիծաղում էին: Պարզելու համար, թե ինչն է նրանց զվարճացրել, մոտեցա և խմբի կենտրոնում տեսա Նարեկին, որը շոյում էր կիսաբաց պայուսակից վախվորած նայող մոխրագույն կատվին:
– Ի՞նչ է եղել,- հարցրի ոգևորված:
– Նարեկին խաբել, վրան կատու են ծախել,- պատասխանեց Տիգրանը, որի աչքերը շատ ծիծաղելուց արցունքոտվել, վարդագույն էին դարձել:
– Ինձ չե՛ն խաբել,- ասաց Նարեկը:
– Ով գիտի աղբանոցից են գտել,- շարունակեցՏիգրանը,- ասել են՝ իբր Հիսուսի կատուն է, հավատացել է:
– Չե՛ն խաբել, ինձ չե՛ն խաբել, կատվի էդպիսի տեսակ կա՛, շատ հազվադեպ պատահող տեսակ է, անունն էլ Հիսուսի կատու է, որովհետև չի սուզվում, ջրի վրայով քայլել է կարողանում,- աչքերը արագ-արագ թարթելով՝ նորից խոսեց:
Ծիծաղի նոր ալիք բարձրացավ: Դեռ լավ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, սակայն համատարած ծիծաղը վարակիչ էր:
– Վաճառողն է էդպես ասել, չէ՞,- վրա բերեց Կարենը: – Դդում ես, էլի:
-…
-…
Նա շարունակ շոյում էր կատվին ու պնդում, որ իրեն չեն խաբել, որ կատվի այդ տեսակը իրոք կարող է ջրի վրայով քայլել: Բանը հասավ այնտեղ, որ Նարեկն ու Կարենը քիչ էր մնում ծեծեին իրար. երբ Կարենը ձեռքը երկարեց կատվին, Նարեկը թույլ չտվեց դիպչել, միմյանց օձիք բռնեցին, բաժանեցինք:
-Գի՛ժ, պատռեցիր,- օձիքը շոշափելով՝ բղավում էր Կարենը, այտերն արցունքոտվել էին:-Գի՛ժ ես:
Նարեկը ձայն չէր հանում, գլուխը կախ շոյում էր կատվին, ասես ոչինչ չէր եղել:
– Տե՛ս, Ճվճվիկը դռան մոտ է,- շրջվելով դեպի Գրիգորը՝ ասաց Կարենը, կանաչ աչքերը փայլում էին զայրույթից:
Ճվճվիկը ընկեր Ադիբեկյանն էր` ուսմասվարներից մեկը: Մականունը ստացել էր ականջ ծակող սուր ձայնի և հաճախ բղավելու սովորության համար: Դասամիջոցներին կանգնում էր դպրոցի կենտրոնական մուտքի առջև, հսկում, որ աշակերտները չփախչեն:
– Դռան մոտ է,- վերադառնալով ասաց Գրիգորը:
– Զուգարանի պատուհանից կփախչենք,- վճռեց Կարենն ու նայելով Նարեկին` ավելացրեց.- Դու էլ ես գալիս:
Երբ թեքվեցինք դեպի ձորը տանող ճանապարհը, նոր միայն կռահեցի, թե ինչ կա Կարենի մտքին: Ինչ-որ բան հուշում էր ինձ, որ պետք է վերադառնալ, չէի ցանկանում մասնակից լինել այն բանին, ինչ քիչ հետո էր լինելու, բայց նաև հետաքրքրությունը մեծ էր, հետո ճանապարհի կեսից ետ կանգնելն էլ անհարմար էր, ի՞նչ կմտածեին տղաները: Քայլում էի ու նայում դեղին պայուսակը երկու ձեռքով կրծքին սեղմած Նարեկին, իսկ մտապատկերումս նրա մոր խեղճացած ձեռքերն էին…
Ամեն ամսվա վերջին, երբ դասղեկի սեղանին ցելոֆանե անթափանց տոպրակ էր հայտնվում, պարզ էր, որ Նարեկի մայրն է եկել: Ոչ մի տոն բաց չէր թողնում իր շնորհակալությունը հայտնելու դասղեկին, իսկ վերջինս իր գործը լավ գիտեր. ժամանակ առ ժամանակ դասամիջոցներին խնդրում էր Նարեկին դուրս գալ և դասարանին ասում էր.
– Երբ դասի ժամանակ կանգնում է նստած տեղից, քայլում դասարանում կամ այլ տարօրինակություն անում, ուշադրություն մի՛ դարձրեք, մի՛ նկատեք նրան… մեր Նարեկը խնդիր ունի նյարդերի հետ, բուժվում է, ժամանակավոր բաներ են, ոչ մի լուրջ բան… մենք պետք է օգնենք նրան, երբ ծիծաղում եք, արձագանքում յուրաքանչյուր շարժմանը, ավելի եք ոգևորում, մի՛ նկատեք:
Իսկ վերջում ավելացնելով «Մեր խոսակցության մասին ոչ մի խոսք նրա մոտ», գնում էր:
Այսպես, առաջին դասարանից նրա մայրը գալիս էր, անհատապես շնորհակալություն հայտնում բոլոր ուսուցիչներին, իսկ ես նայում էի ձեռքերի դուրս ցցված երակներին, որ ծառի հողոտ արմատներ էին հիշեցնում ու տխրում: Ի՞նչ կար այդ ձեռքերում, ի՞նչն էր այդպես գրավել… Մեր կյանքի առաջին սեպտեմբերի մեկին բոլորս ճերմակ հագնված, մի մարդու նման կանգնած էինք դպրոցի հրապարակում, դասղեկը, որի հետ նոր էինք ծանոթացել, հորդորում էր լուռ մնալ, տնօրենը ճառ էր ասում: Ոչ ոք չէր լսում, թե ինչ է ասում տնօրենը, կամ գուցե լսում էին, հիշում եմ` իմ հայացքը սառել էր Տիգրանի մուգ մանուշակագույն պիջակին, միայն նա էր տարբերվում բոլորից, ասես սև աղավնի լիներ սպիտակների մեջ: Մինչ տարված էի պիջակի ոսկեջրած կոճակներով, մի նիհար կին, որդու ձեռքը բռնած մոտեցավ մեզ. նրանք էին: Առաջին իսկ հանդիպման ժամանակ ձեռքերը չվրիպեցին աչքիցս, դուրս ցցված երակները իսկույն գրավեցին ուշադրությունս, ինչ-որ տխուր բան կար այդ ամենի մեջ…
Տիգրանն ու Կարենը առջևից էին գնում, տաք քամին երկրորդ անգամ սահեց քրտնած ծոծրակիս վրայով, և նոր միայն ինքս ինձ բռնեցրի, որ տագնապով ոտքերիս տակ եմ նայում` փորձելով կանխազգալ դարանակալ օձի հարձակումը: Ասում էին` անցյալ տարի, երբ տոթ օրը կախված է եղել ձորի վրա, և տաք քարերից լռություն է բարձրացել երկինք, զարմանալի գեղեցիկ օձը խայթել է տղային: Նա ձեռքը երկարել է՝ փորձելով որսալ օձին, բայց օձը խայթել է: Այդ օրը ոչ ոք չի եղել ձորում՝ բացի տղաներից, մինչև դուրս են բերել վիրավոր ընկերոջը, տղայի մազերը ամբողջությամբ սպիտակել են: Թույնի ազդեցությունից են սպիտակել, օրգանիզմը պայքարել է, բախտը բերել՝ ողջ է մնացել…
Իջնում էինք զառիվայր ճանապարհով, մանրահատիկ խճաքարը փախչում էր մեր ոտքերի տակից, աչքերիս առաջ սպիտակած մազերով տղան էր, ամեն օր տեսնում էի դպրոցի միջանցքում, մի դասարան բարձր էր ինձնից, այլևս ձոր չի իջնում, երբեք չի իջնելու…
– Հաստատ անձրև է գալու,- ասաց Գրիգորը:
– Ի՞նչ գիտես:
– Թևս մզմզում է, երբ ինչ-որ տեղդ կոտրված է լինում, զգում ես, թե երբ է անձրև գալու, կոտրված տեղը անձրևից առաջ զգացնում է: Հիմա թևս մզմզում է:
– …
– …
– …
– Կարո՞ղ է ճիշտ է ասում ու կատվի այդ տեսակը իրոք կա,- միայն ինձ լսելի հարցրեց…
Գրիգորը այլևս հարցեր չտվեց, ամբողջ ճանապարհին կոտրված թևի և սպասվող անձրևի մասին խոսեց, չէի լսում, բառերը կորչում էին օդում, ուշադրությունս ուղղված էր մոտակայքում թաքնված օձին, վախենում էի: Երբ հասանք գետի մոտ, ջուրը լույսի անդրադարձմամբ աչքով էր անում ինձ, ինչ-որ բան նորից հուշում էր, որ պետք է վերադառնալ, չէի ցանկանում մասնակից լինել այն բանին, ինչ քիչ հետո էր լինելու, բայց մնացի…
– Քեզ չեն խաբել, չէ՞, դե որ չեն խաբել, կատվին ջու՛րը նետիր,-ասաց Կարենը,- թող քայլի ջրի վրայով:
Նարեկը ձայն չէր հանում, նայում էր նրան ու աչքերը թարթում:
– Չե՞ս լսում, խո՞ւլ ես, ասում եմ՝ ջու՛րը նետիր…
Հետո ամեն ինչ արագ կատարվեց, թե ինչպես Կարենը ձեռքը տարավ պայուսակին և ինչպես այն հայտնվեց գետում, իմ աչքի առաջ է եղել: Պայուսակը լողում էր արծաթագույն մակերեսին, սուզվում-բարձրանում՝ կարծես փորձելով կառչել որևէ քարից, բայց ջրի հոսքը արագ էր, շատ արագ: Մի պահ Նարեկը անշարժ, հիպնոսացածի նման նայում էր հեռացող պայուսակին ու ոչինչ չէր անում: Գուցե չէր հավատում, որ իր մոտ չէ, որ մատները այդպես հեշտ, առանց դիմադրության կարող էին հանձնել ուրիշին: Գիտեր, զգում էր՝ դիմադրություն է եղել, մատները չէին հանձնվել, մատները մրմռում էին, ծակծկոցներ էր զգում ափի մեջ ու ոչինչ չէր անում… Գուցե լավ էլ հասկանում էր, թե ինչ է կատարվում, պարզապես ինչ-որ բանի էր սպասում, նայում էր ու սպասում…
Երբ պայուսակը դեղին կետ դառնալու չափ հեռացել էր տեսադաշտից, նա սթափվեց, ասես ցրվեց շուրջը խտացող մշուշը և արցունքն աչքերին շտապեց պայուսակի ետևից: Նայում էի` ինչպես էր Նարեկը վազում գետի եզրով, իսկ աչքերիս առաջ ծառի հողոտ արմատներ հիշեցնող երակներն էին, ավելի հողոտ, ավելի ընդգծված էին թվում…
Երեկ առավոտյան, երբ մտքովս անցել էր եկեղեցի գնալ, զարմանալի հանդիպում եղավ: Նարեկը կանգնած էր իմ դիմաց` մինչև կոշիկները հասնող եկեղեցական սև զգեստը հագին: Նայում էի` չկարողանալով կտրել հայացքս, տարիներ էին անցել, ոչինչ չէր մնացել իմ ճանաչած Նարեկից. բարձրահասակ էր, նեղ ոսպնյակներով ակնոցն ու թավ մորուքը ծածկել էին դիմագծերը, չէի ճանաչի, եթե ինքը չճանաչեր, չմոտենար ինձ: Ձորում պատահածից հետո ոչ ոք չտեսավ նրան, այլևս չեկավ դասի, ասում էին` մայրը այլ դպրոց է տարել… Մեր կարճ խոսակցության ընթացքում հասցրի պատմել, որ գրող եմ, պատմվածքներ եմ գրում, չեմ հիշում էլ ինչ եմ ասել, հիշում եմ`անընդհատ կրկնում էի, թե որքան լավ է իր հետ զրուցելը, շնորհակալություն էի հայտնում: Ժպտում էր, զարմանում, թե ինչու եմ շնորհակալություն հայտնում, իսկ այդ պահին ասես մեծ բեռ էր ընկել ուսերիցս, և ես իրոք շնորհակալ էի նրան:

«ԶԱԲՈՒՂՈՆ» Գրիգոր Զոհրապ վերլուծություն

Խոսքը գնում է մի գողի մասին,որի երեսը ոչ֊ոք չէր տեսել։ Անունը Զաբուղոն էր։ Նա այն գողը չէր,որ կբռնվեր կամ կծաղրեին իրեն կամ բանտերում կփչանար։ Նա միայն իրիկուններն էր գողություն անում,գողանում էր այն ինչ իրեն պետք էր։ Նա ամեն դուռ բացում էր իրեն համար պատրաստված ծուղակներից հեշտությամբ դուրս էր  գալիս։ Ամեն ինչը նրա ճարպիկության մեջ էր։ Ջաբուղոն նշանված էր։ Նշանածը’ Վասիլիկը, մի վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկ էր,որը շաբաթ իրիկունները մենակ լեռներն էր գնում։ Նրանց նշանին ականատես էին միայն լուսինն ու աստղերը։ Նա շատ էր սիրում Վասիլիկին,ամեն ինչ անում էր,որ Վասիլկը ոչ մի բանի պակաս չզգա։ Բայց մի օր Վասիլիկը հարցուփորձ արեց ու իմացավ,թե Զաբուղոն որտեղից է պատրաստվում գուղություն անի։Զաբուղոն ասաց նրան,իսկ Վասիլիկը հայտնեց դրա մասին ոստիկանությանը։ Այդ գիշեր ոստիկանությունը եկավ գողության վայրը և բռնեց Զաբուղոնին։ Նա գիտեր,որ միայն Վասիլիկին է ասել, թե որտեղից է գողություն անելու։ Եվ քանի որ նա բոլոր դռները կարողանում էր բացել,բացեց բանտի դուռը և գնաց Վասիլիկի մոտ այնպես,որ ոչ֊ոք չնկատեց։ Նա գնում էր Վասիլիկից իմանա թե ինչու այդտես վարվեց իր հետ,բայց տեսնում է Վասիլիկին ուրիշ տղայի գրկին։ Ամբողջ գիշերը թափառականի նման քայլեց փողոցներով։ Տուն էլ չուներ,որ գնար,ծանոթ էլ չուներ,որ մոտը մնար։ Արշալույսին վերադարձավ բանտ։